Վեհափառ Հայրապետն ընդունեց ԱՄՆ-ի Եկեղեցիների Ազգային խորհրդի պատվիրակությանը
Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Եկեղեցիների Ազգային խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ խորհրդի նախագահ դր. Ռոբերտ Էդգարի: Պատվիրակության կազմում էին Տ. Մանուել եպս. Բատակյանը (Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցի), Տ. Քրիստոֆեր եպս. Էպթինգը (Անգլիկան եկեղեցի), Լուել Ալմենը (Լյութերական եկեղեցի), Ռոնալդ Ռոբերսոնը (Կաթոլիկ եկեղեցի), Տիար Գեւորգ Թորոյանը (Ամերիկայի Արեւելյան թեմ): Պատվիրակությանն ուղեկցում էր նույն խորհրդի անդամ Գերաշնորհ Տ. Վիգեն եպս. Այքազյանը (Ամերիկայի Արեւելյան թեմ):
Նորին Սրբությունը ողջունեց խորհդի անդամների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ կարեւորեց խորհրդի դերը ԱՄՆ-ի հասարակության կրոնական կյանքում: Վեհափառ Հայրապետը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը եւ Մայր Աթոռի 1700 ամյա առաքելությունը հայ ժողովրդի կյանքից ներս:
Պատվիրակության անդամներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Վեհափառ Հայրապետին ընդունելության համար եւ վստահեցրեցին, որ այսուհետ եւս պիտի նպաստեն միջեկեղեցական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Խորհրդի նախագահը նաեւ իր մտահոգությունը հայտնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնեց զորավիգ լինելու խնդրի լուծմանը:
Հավարտ հանդիպման Հայոց Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայաստանի կրոնական խճանկարը եւ Հայ Եկեղեցու հարաբերությունները Հայաստանում գործող մյուս հարանվանությունների հետ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ ԵՀԽ Հայաստանի Կլոր Սեղանի կոորդինատոր դր. Կարեն Նազարյանը: