Վեհափառ Հայրապետը վկայականներ հանձնեց կրոնական դասընթացի մասնակից լրագրողներին
Կիրակի, փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վկայագրեր հանձնեց 2002 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի կազմակերպած կրոնական դասընթացին մասնակից լրագրողներին:
Հայաստանի լրատվական տարբեր միջոցներ ներկայացնող 22 լրագրողներ հուլիս-նոյեմբեր ամիսներին առիթ ունեցան ունկնդրելու դասախոսություններ Սբ. Գրքի, Հայ Եկեղեցու պատմության, վարդապետության, ծիսագիտության, էկումենիկ շարժման վերաբերյալ, ծանոթացան կրթական եւ սոցիալական ոլորտներում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գործունեությանը: Լրագրողները այցելեցին նաեւ Հայաստանի տարբեր թեմեր եւ վանքեր:
Ողջունելով լրագրողներին` Վեհափառ Հայրապետը կարեւորեց դասընթացի նշանակությունը եւ հույս հայտնեց, որ այն շարունակություն եւ բարի ընթացք կունենա նաեւ հետագայում:
«Այս դասընթացի շնորհիվ ամբողջականորեն կճանաչեք Հայ Եկեղեցին ու նրա կյանքը, նրա առջեւ ծառացած բոլոր խնդիրները», - ասաց Վեհափառ Հայրապետը` մաղթելով լրագրողներին բեղմնավոր գրիչ` հայրենական կյանքը լուսաբանելու, հայ ժողովրդին բարու եւ սիրո մեջ առաջնորդելու գործում: