Վեհափառ Հայրապետը Ս. Ներսես Շնորհալու շքանշան է հանձնում

Օգոստոսի 14-ին բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցում Անգլիկան եկեղեցու Քենթրբերիի արքեպիսկոպոսության ներկայացուցիչ Հ. Ֆիլիպ Սթորր Վենթերի` Հայաստանից մեկնման հրաժեշտի երեկոն: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններն ու աշխատակազմի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը` անդրադառնալով Հայ եւ Անգլիկան եկեղեցիների հարաբերություններին ու կապերին, եւ դրանց ամրապնդմանը նպաստած Հ. Ֆիլիպի վեցամյա արդյունավոր գործունեությանը: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ անցնող վեց տարիների ընթացում Հ. Ֆիլիպը կազմակերպել է երջանկահիշատակ Գարեգին Ա-ի պաշտոնական այցելությունը Անգլիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցելությունը Հայաստան` 1700-ամյակի առիթով, երկու երկրների բանակներում ծառայող հոգեւորականների փոխադարձ այցելություններն ու հանդիպումները եւ Մայր Աթոռի երիտասարդ միաբանների ուսումն Անգլիայի աստվածաբանական համալսարաններում:

Ի գնահատություն Հ. Ֆիլիպի ծառայությունների, Հայրապետական սրբատառ Կոնդակով նրան շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ս. Ներսես Շնորհալի շքանշան: Հավարտ հանդիսության Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին` բարձր գնահատելով Հ. Ֆիլիպի վեցամյա գործունեությունը Հայաստանում եւ նրա մատուցած ծառայությունները երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հանդիսությանը երաժշտական համարների կատարումով հանդես եկավ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը: