Վարդանանց տոնը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Փետրվարի 7-ին« Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսավորապես նշվեց Վարդանանց տոնը: Սբ© Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Տ. Մակար վրդ. Հովհաննիսյանը:
1551 տարի առաջ Ավարայրի ճակատամարտում հանուն սեփական հավատքի պահպանման եւ հայ ժողովրդի ինքնության համար նահատակված Վարդանանց զորավարների եւ բոլոր 1036 մարտիրոսների հիշատակության օրը հայ ժողովրդի մեծագույն տոներից մեկն է:
Վարդանանց տոնին Հայաստանյայց Առաքելական եկեղեցում նշվում է նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անվանակոչության օրը: Այս առիթով հավարտ Սբ© Պատարագի Իջման Սբ© Սեղանի մոտ կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Վեհարանի դահլիճում տեղի ունեցավ Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն:
Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանի բացման խոսքից հետո «Վարդանանց խորհուրդը» բանախոսությամբ հանդես եկավ Ճեմարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը:
Վարդանանց տոնին իրենց գրական-գեղարվեստական հայտագիրն էին նվիրել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները: Վերջինները քաջամարտիկ մարտիրոս զորավարներին նվիրված հոգեպարար շարականներով եւ ազգային երգերով եւս մեկ անգամ հաստատեցին այն ճշմարտությունը, որ Վարդանանց ոգին փոխանցվել է եւ ապրում է յուրաքանչյուր սերնդի մեջ:
Հավարտ հանդիսության Նորին Սրբությունն իր պատգամը տվեց ներկաներին: «Իմ մաղթանքն է, որ այսօր յուրաքանչյուր հայորդի մկրտվի Վարդանանց սուրբ խորհրդով»,- ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց նաեւ բոլոր այն անձանց, ում անվանակոչության օրը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց տոնին: