Վախճանվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Զավեն Արքեպիսկոպոս Չինչինյանը

Վախճանվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Զավեն Արքեպիսկոպոս Չինչինյանը 20.01.2004

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 20-ին, վաղ առավոտյան, վախճանվել է Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Զավեն Արքեպիսկոպոս Չինչինյանը:

Մայր Աթոռում մշտապես բարձր է գնահատվել Սրբազան Հոր ծառայասիրությունը, ազնվությունն ու անկեղծությունը եւ Սբ. Էջմիածնի հանդեպ անսակարկ հավատարմությունը: Այդ գնահատանքի վկայություն է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Զավեն Սրբազանին շնորհված Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանը:

Ամենայն Հայոց Հայրապետը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանությունը, պաշտոնեությունը եւ հավատացելոց դասը խորապես սգում է Սրբազան Հոր անժամանակ մահը եւ աղոթում հանգուցյալ Սրբազանի հոգու հանգստության համար:

Սրբազան Հոր թաղման եւ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին Կահիրեում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից արարողություններին կմասնակցեն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը, Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Գրիգորյանը:

Հունվար 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հավարտ Սբ. Պատարագի աղոթք կբարձրացվի Սրբազան Հոր հոգու հանգստության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

* * *

Զավեն Արքեպիսկոպոս Չինչինյանը (ավազանի անունով` Գեւորգ) ծնվել է 1929թ. սեպտեմբերի 29-ին Հալեպում (Սիրիա): Նախնական կրթությունը ստացել է Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց ազգային վարժարանում: 1945թ. ընդունվել եւ սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի Ժառանգավորաց վարժարանում:

1949թ. ձեռնադրվել է սարկավագ:

1951թ. մայիսին ձեռնադրվել եւ օծվել է կուսակրոն քահանա` ստանալով Զավեն անունը:

1951թ. դասավանդել է Սրբոց Թարգմանչաց վարժարանում, միաժամանակ վարելով վանքի տպարանի տեսչի պաշտոնը:

1954թ. ստացել է վարդապետական աստիճան:

1957թ. Տիրան Արք. Ներսոյանից ստացել է ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք:

1963թ. Ալեքսանդրիայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Ծայրագույն վարդապետության աստիճան:

1965թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է եպիսկոպոս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:

1953-1957թթ. եղել է «Սիոն» պաշտոնական ամսագրի խմբագրի օգնական:

1958թ. փոխադրվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը` սպասավորելով իբրեւ Առաջնորդական փոխանորդ:

1969թ. ընտրվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

1974թ. ծառայության է մեկնել Հարավային Ամերիկայի թեմեր, ապա սպասավորել է Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմում:

1977թ. ընդառաջ եգիպտահայության փափագին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Սրբատառ կոնդակով Զավեն Սրբազանին նշանակում է Եգիպտոսի թեմակալ առաջնորդ:

Ի գնահատումն նվիրյալ ծառայության Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ արժանացել է նաեւ արքության տիտղոսի:

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանից սկսյալ Զավեն Սրբազանը նաեւ Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ էր:

Սրբազանը առաջնորդության ժամանակ տարիներ շարունակ եղել է Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցիների Էկումենիկ աղոթաժողովների նախագահ:

Իբրեւ նվիրյալ հոգեւորականի Զավեն Սրբազանին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհել է Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշան: 1984թ© արժանացել է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Սերգեյ Ռադոնեժսկու Ա կարգի շքանշանի:

Զավեն Սրբազանը բազում հոդվածների, ուսումնասիրությունների եւ բանաստեղծությունների հեղինակ է: