Վազգենյանցիների «Արեւագալը Գեղարդում» լազերային սկավառակը արժանացել է «Անուշ» մրցանակի
Լոս Անջելեսում կազմակերպվող Հայ երգի ամենամյա մրցույթում (Armenian Music Awards) հոգեւոր երաժշտության այս տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել Սեւանի Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախմբի «Արեւագալը Գեղարդում» լազերային սկավառակը: Այսուհետ դպրանոցի սաներին իրենց հաղթանակի մասին մշտապես կհիշեցնի մրցանակաբաշխության գլխավոր պարգեւը` «Անուշ» արձանիկը:
«Արեւագալը Գեղարդում» սկավառակը «Լուսավորչի» երկրորդ ալբոմն է: Առաջինը Կոմիտասի «Պատարագ»-ն էր: Այս անգամ երգչախմբի կատարմամբ ձայնագրվել են Ներսես Շնորհալու Արեւագալի ժամերգության երգերը, ինչպես նաեւ տարբեր տոների շարականներ: Շարականների ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի կոմպոզիտորների միության «Բրեւիս» ձայնագրման ստուդիան:
Վազգենյան դպրանոցի եռաձայն երգչախումբը ստեղծվել է երկու տարի առաջ դպրանոցի տեսուչ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանի անմիջական նախաձեռնությամբ: Գեղարվեստական ղեկավար Շոթա Վարդանյանի եւ դպրանոցի վերջին լսարանի սան Արթուր սարկավագ Պետրոսյանի ղեկավարությամբ երգչախումբն այս տարի առաջին անգամ բարձրացել է նաեւ պրոֆեսիոնալ բեմ: