Ս. Սարգիս զորավարի տոնին Վեհափառ Հայրապետը հանդիպեց երիտասարդների հետ
Փետրվարի 7-ին, երիտասարդների օրհնության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմի, Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների եւ Երեւանի հայորդյաց տների շուրջ 350 սաների հետ: Վեհափառ Հայրապետը ողջունեց երիտասարդներին` ուրախություն հայտնելով, որ օրեցօր նոր անդամներ են ներգարվվում Հայ Եկեղեցու երիտասարդաց շարժման մեջ:
«Մեր եկեղեցին զորավոր կլինի այնքանով, որքանով մեր երիտասարդությունը զգա եկեղեցու ներկայությունն իր հոգուց ներս, երբ զգա, որ եկեղեցու առաքելությունը նույնացած է իրենց կյանքի առաքելության հետ»,-նշեց Նորին Սրբությունն իր խոսքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ երիտասարդներին հուզող խնդիրներին ու այն մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած են նրանք:
«Այսօր վտանգի առջեւ է մեր երիտասարդությունը. այդ վտանգն անհավատությունն է, անտարբերությունը հավատքի նկատմամբ, այդ վտանգը զվարճանքի եւ հաճույքի, Քրիստոսի պատվիրանների վրա չխարսխված կյանքի հրապույրներն են, արեւմուտքից ներթափանցող նոր արժեքային ընկալումներն են, որոնք որ գալիս են մեր եկեղեցու զավակներին հեռացնելու իրենց հայրերի սուրբ հավատքից ու հայրենական արժեքների ընկալումից»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը պատասխանեց նաեւ երիտասարդների բազում հարցերին եւ մաղթեց, որպեսզի Ս. Սարգիսն ունկնդիր լինի իրենց խնդրանքներին եւ բարեխոսի Բարձրյալն Աստծո առաջ:
Երիտասարդությանն առաջնորդում էին Արագածոտնի թեմում Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ Տ. Թորգոմ աբղ. Տոնիկյանը, Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Խադ քհն. Ղազարյանը եւ Տ. Տաճատ քհն. Դավիդյանը: