Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ
Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ:
Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանը:
Ս. Պատարագի ընթացքում Տ. Եղիշե քահանան իր քարոզում անդրադարձավ Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին ու նշանակությանը` ի մասնավորի խոսելով նահատակ եկեղեցականների կերպարի և նրանց սխրանքի մասին:
«Քրիստոսի լույսը շատ ազգերի է հայտնվել, սակայն, մեր ազգի համար այն ունեցել է նաև ազգապահպան նշանակություն: Եվ Ս. Ղևոնդյանք՝ որպես Քրիստոսի ճշմարիտ խոստովանողներ, վառ մարմնացումն են իսկական հավատքի և հայրենասիրության: Որպես հոգևոր Հայրենիքի ճշմարիտ կրողներ՝ նրանք գիտակցում էին, թե Աստծուց շնորհված ինչպիսի մեծ պարգև է մեր Հայրենիքը, հայ ինքնությունը և քրիստոնեական հավատը: Մեր հայրենիքի և հայ ինքնության լինել-չլինելու օրհասական ժամին նրանք գնացին իմացյալ մահվան ճանապարհով, քանի որ նախընտրեցին մեռնել Քրիստոսի հետ, քան թե ապրել առանց Քրիստոսի», - նշեց Եղիշե քահանան:
Տեր Հայրը հորդորեց նմանվել Սրբոց Ղևոնդյանց նահատակներին, հետևել վերջիններիս պանծալի օրինակին, անմնացորդ սիրել Հայրենիքը և նորոգվել առ Քրիստոս հավատքով:
«Սա յուրաքանչյուր քահանայի սրբազան առաքելությունն է. խոստովանել Քրիստոսին մարդկանց առաջ: Ս. Ղևոնդյանց համար հավատքն ու աստվածապարգև հայրենիքը մեկ միասնական սրբություն են եղել: Ուստի, վասն հավատո և վասն Հայրենյաց մարտնչելն ու նահատակվելը հավասարազոր են եղել մարդկանց առաջ Քրիստոս Տիրոջը խոստովանելուն: Սրբոց Ղևոնդյանց համար այս հավատն էր և Քրիստոսի հանդեպ սերը, որ զորացրեց նրանց, ի չիք դարձրեց մահվան վախը, հրեշտակային ներկայությամբ լուսավորեց նրանց մտքի տեսողությունը և հոժարությամբ լցրեց նրանց սրտերը»,- ասաց պատարագիչ քահանան:
Քարոզի վերջում Տեր Եղիշեն քահանայից դասին կոչ արեց նույն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն հայ ժողովրդի, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի:
Հավարտ Պատարագի, քահանա հայրերը, ստանալով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, վերադարձան իրենց ծառայության վայրերը: