Ս. Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ս. Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 14.04.2004

Կիրակի, ապրիլի 11-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ տոնը` Սուրբ Զատիկը:

Առավոտյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծահանդես թափորի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճար` մատուցելու Ս. Պատարագ եւ Հայրապետական իր պատգամը հղելու համայն հայությանը:

«Իր օրհնաբեր ներկայությամբ, Իր փրկագործ զորությամբ մեր կողքին է եղել Տերը, ուր էլ ուղղորդվել է մեր կյանքի նավը պատմության դժվարին, թե հեշտընթաց ուղիներում: Մեր կողքին է եղել եւ չի լքել մեզ Աստված մահատեսիլ օրհասների մեջ, երբ մարդկանցից հույսներս կտրած մենակ ենք մնացել: Հարության լույսն է մեր բոլոր Ավարայրներից ու Սարդարապատերից վեր, Հարությամբ են լուսեպսակ հայոց Գողգոթաների ճանապարհները, որ սփռեցին մեզ աշխարհե-աշխարհ: Հարուցյալ է այսօր մեր պետականությունը, եւ կյանքի բոլոր հանգրվաններում սպասում է մեզ Տերը` սփռելու մեզ վրա Իր լույսն ու խաղաղությունը, օրհնելու, արդյունավորելու մեր ջանքերն ու աշխատանքը: Միայն թե մեր լավին վատություն չխառնենք, չխառնենք ճշմարտին` կեղծիք: Ճշմարիտը անկախ Հայաստանն ու ազատ Արցախն է եւ մեր հայրենասիրությունը, մեր համերաշխությունը եւ միաբանությունը: Չլինի, որ պարտական մնանք նվիրական այս ճշմարտությունների առջեւ, չլինի, որ պարտական մնանք մեր պատմության, Եռաբլուրում հանգչող մեր մարտիրոս զավակների, մեր սերունդների առջեւ: Անեղծ պահենք մեր համազգային միաբանությունը, նրանով է պայծառ մեր կյանքի, մեր հավատի աստվածատես լույսը: Չկա, արդարեւ, հավատի ավելի մեծ արտահայտություն, քան միաբանությունը, եւ չկա ավելի մեծ քաջալերություն, քան հավատը, որ մեզ հետ է Աստված Իր փրկագործող զորությամբ:

Այսօրվա վերափոխված ու վերափոխվող մեր իրականության մեջ անելիքներ շատ ունենք: Դեռ անցնելիք ճանապարհ ունենք, որ պիտի անցնենք միասնաբար, մեր հայրերից ժառանգություն ստացած միաբանության սուրբ ուխտով, որպեսզի շենանա ու զորանա Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, որպեսզի մեր բոլոր գաղթօջախներում ծաղկի հայ կյանքը: Ուր էլ ապրենք` Հայրենիքով ու Սուրբ Էջմիածնով պիտի ապրենք, ազգային արժեքներով ու հայրենի ժառանգությամբ` որպեսզի մեր կյանքից ներս թափանցող, ներսից ու դրսից պարտադրվող սին եւ թյուր գաղափարներից, անհարազատ արժեքներից հեռու մնան մեր զավակները», - պատգամեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը Հարության խորհրդով իր ողջույնը, օրհնությունն ու շնորհավորանքը հղեց Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգեւոր դասին, Հայաստանի Հանրապետության ավագանուն եւ համայն հայությանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն Խորհրդի անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ Պատարագի ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը ամենքին վերստին ուղղեց Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը: