Ս. Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում «Հարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց»
Կիրակի, մարտի 27-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Առավոտյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց մեծահանդես թափորի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճար, ուր մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ Սուրբ Զատկի առիթով Հայրապետական իր պատգամը հղեց հայ ժողովրդին:
«...Հարուցյալ է Քրիստոս: Խաչի վրա մեղքը քավված է, մահվան կապանքների հետ փշրվել են անդարձ հուսահատությունն ու երկյուղը, գերեզմանից կյանքն է ճառագում, եւ փայլում է փրկության ու անմահության հաղթանակած հույսը: Աստված է սքանչելատես փառավորյալ, եւ մարդն է փառավորվում, քանզի Քրիստոս խաչը հանձն առավ եւ հարություն առավ, որ մարդկային մեղքով վնասված կյանքը նորոգվի եւ հաստատվի իր նպատակի, դեպի Աստված իր ճշմարիտ ընթացքի մեջ:
Խաղաղ եւ արդար աշխարհի սիրով եկավ Քրիստոս, Աստծո հետ հաշտ աշխարհի, որպեսզի այն, ինչ գործում է մարդը, ինչ ստեղծում է մարդը, ի սեր կյանքի լինի, բարին ու բարիքը լինի: Երկնային Հոր Կամքի առջեւ որդիական հնազանդության կատարյալ օրինակը բերեց Քրիստոս, մարդու բարձրագույն ձգտումը հռչակեց Աստծո նախախնամող, փրկարար Կամքի ընտրությունը», - պատգամեց Վեհափառ Հայրապետը:
«...Հարության շողակաթ լույսով հաստատված Սուրբ Էջմիածինն է հայության հոգին` պատմության մեջ դարից դար, ավերներից ու մահերից վերածնված հոգին: Մեր ժողովուրդը չի տեսել Քրիստոսի դատարկ գերեզմանը, բայց Քրիստոսի հետ բազմիցս տեսել է իր համար փորված գերեզմանների դատարկությունը եւ Քրիստոսի հետ հաղթության փառքի պսակներ հյուսել: Հայ մարդը չի կարող չհավատալ Քրիստոսի հարությանը: Հարության մասին են խոսում մեր պատմությունն ու ներկան: Քրիստոսի հետ Մեծ Եղեռնի գողգոթան անցանք եւ մեր պատմության ամենաողբերգական ժամանակը դարձրեցինք հաղթանակի ժամանակ: Եղեռնահար, արնածոր մեր ժողովուրդը հերոսական մաքառումով ծնունդ տվեց իր նոր պետականությանը: Մոխիրներից հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ի վկայություն մեր ժողովրդի անմեռ ձգտումի հայոց պետականության հարատեւ գոյության»,- ասվում է Հայրապետական ուղերձում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց բարեպաշտ ժողովրդին հայրերի լուսավոր օրինակով հաղթահարել բոլոր դժվարությունները, անցավոր ժամանակի մեջ, նյութականից դուրս տեսնել Աստծո նախախնամող սերը, հավատալ Հիսուսի հարուցյալ զորությանը եւ փրկչական առաքելությանը: «Հավատն է զատկական տոնի պատգամը: Հավատքով է սկիզբ առնում Փրկչի հետ մեր հարուցյալ կյանքը, հավատքով զորանում ու արգասավորվում: Հավատքով անձնվիրումը դառնում է բնական, մերձավորի հանդեպ սերը` երջանկության եւ ուրախության ակունք: Հարության խորախորհուրդ հրաշքն է այս, միշտ դեպի վեր, դեպի երկնայինը, ճշմարիտը, արդարն ու բարին: ...Ժողովուրդ հայոց, հավատիդ լույսով կյանքդ դարձրու աստվածփառաբանություն, որ գործերիդ մեջ սրտիդ զարկը տրոփի, սերդ շողա, արդարը, ճշմարիտը, բարին ընտրելու կամքդ հաղթանակի»,- նշեց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը նաեւ իր Հայրապետական ողջույնն ու օրհնությունը հղեց աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին, Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգեւոր դասին, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ավագանուն եւ քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն Խորհրդի անդամներ, գիտության, արվեստի եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ:
Սուրբ Պատարագի ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը ամենքին ուղղեց Հայրապետական իր շնորհավորանքները Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով: