Ս. Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար
Հոկտեմբերի 14-ին, Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության և հանգստության համար: Նրա ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների և եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաև Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման գործում:
Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի և Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ 2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաև Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով և ծնողական խնամքից զուրկ մանուկներ և պատանիներ:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքճյան ընտանիքի անդամներ:
Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:
«Նրա մահը մեծ կորուստ եղավ մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Այս անցյալ տարվա ընթացքին ապրեցինք նրա կորստի ցավը, ինչպես նաև մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին տասնամյակների թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, սիրելի Ջոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Տարիներ շարունակ Ջոն Քյուրքչյանը Լոնդոնի հայ համայնքի ակտիվ անդամ էր` հարատև իր կարողություններով աջակցելով եկեղեցու առաքելությանը։ Քյուրքչյան ընտանիքի առատ նվիրատվությունների շնորհիվ իրագործված մի շարք ծրագրեր այսօր իրապես տալիս են իրենց օգտակար պտուղները` օրհնություն դառնալով շատերի կյանքում և զարդարելով բարերար ընտանիքի հիշատակը։ Այսօր վերստին առիթ ունենք մատուցելու մեր սրտագին գոհունակությունը առ Աստված Ջոն Քյուրքչյանի կյանքի և վաստակի համար, որպես սիրող ամուսին, հայր, եղբայր և հորեղբայր, ում հիշատակը կլինի հավիտենապես օրհնյալ։
…Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվեց հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ զավակներին։ Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի Իր երախտարժան զավակի՝ Ջոն Քյուրքչյանի հոգին, և Սուրբ Հոգու մխիթարություն պարգևի ազնվափայլ տիկնոջը՝ սիրելի Քրիստինային, զավակներին, զարմուհուն ու բոլոր վշտացյալ հարազատներին, և մեզ ամենքիս», - մասնավորապես ասաց Վեհափառ Հայրապետը` հայցելով Ամենագութն Աստծուն, որ երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Ջոն Քյուրքչյանը իր սիրեցյալ ծնողների և եղբոր հետ միասին: