Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում
Մայիսի 28-ին` Երկրորդ ծաղկազարդին, Ս. Պատարագ մատուցվեց Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում: Պատարագիչն էր հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը: Սրբազան արարողությունից հետո կատարվեց հոգեհանգիստ Ս. Նազարեթ եկեղեցու եւ Մարդասիրական ճեմարանի մեծ բարերար Խաչիկ Աստվածատուրյանի (Sir Catchick Paul Chater) մահվան 80-ամյակի կապակցությամբ:
Նա ծնվել է 1846թ. սեպտեմբերի 8-ին Կալկաթայում եւ մկրտվել Ս. Նազարեթ հայկական եկեղեցում: Երիտասարդ տարիքում փոխադրվել է Հոնկ Կոնգ, ուր եւ կնքել է իր մահկանացուն 1926թ. մայիսի 27-ին: Շահութաբեր բիզնեսի եւ իր տաղանդի շնորհիվ դարձել է քաղաքի ամենանշանավոր մարդկանցից մեկը: Այսօր Հոնկ Կոնգում նրա անվամբ են կոչվում կենտրոնական փողոցներից մեկը, մեկ զբոսայգի եւ այլ կարեւոր վայրեր:
Հայր Սուրբը հոգեհանգստից հետո հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով մեծ բարերարի զարմանալի եւ արգասաբեր կյանքին ու գործունեությանը:
«Ուսանելի է մեծ բարերարի կյանքը հատկապես կալկաթահայության համար, քանզի նա երբեք, ոչ մի վայրկյան չմոռացավ իր անցյալը, իր հոգու ծննդավայր Ս. Նազարեթ եկեղեցին: Ուստի ամենքիս սրբազան պարտքն է ամեն գնով վառ պահել հայության ոգին ու շունչը հնդկահայ գաղութում` դրանով իսկ հանգստություն պարգեւելով նրա հոգուն»,-նշեց Հայր Օշականն իր խոսքում:
Հոգեհանգստին ներկա էին Կալկաթայի եկեղեցական վարչության անդմաները, կալկաթահայեր եւ Մարդասիրական ճեմարանի սաները:
Արարողությունից հետո եկեղեցական վարչությունը օրվա կակապցությամբ կազմակերպել էր հյուրասիրություն: