Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Ապրիլի 16-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ կարդացին Դանիել մարգարեի թուղթը:
Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ընդգծելով, որ այսօր մարդկության ամենասպասված ավետիսն է տրվում մեզ՝ ամենքիս հաստատելով մեր հավատքի մեջ:
«Հիսուս մեռելներից հարություն առավ և համայն աշխարհին հայտնեց՝ Ես եմ կյանքը, Ես եմ ճանապարհը հավիտենության։ Դժոխք իջնելով՝ քանդեց այն և երկինք գնաց, որպեսզի բոլոր փրկվողներին իր օրհնության ներքո պահի»,- ասաց Նաթան Սրբազանը:
Ապա դիմելով ներկա հավատավոր ժողովրդին՝ հորդորեց լցվել հարության լույսով և հավատքով, հեռու վանել իրենցից մեղքերը, ապրել մեր Տիրոջ նմանությամբ, ինչպես ինքը ապրեց երկրային իր կյանքի ընթացքում։ Սրբազան Հայրը նաև նկատեց. «Երբեմն մենք ուրիշի հերոսական արարքներով հպարտանում ենք, բայց ինքներս նույն կերպ չենք վարվում։ Բարկանում ենք դիմացինի չարագործությունների վրա, սակայն ինքներս նույնն ենք կատարում։ Միայն հիշեք, թե ինչպիսի չարիք գործեցին մի քանի օրվա ընթացքում մեր Փրկչի նկատմամբ՝ սկսյալ դատապարտելուց, դավաճանելուց, լքելուց և ուրանալուց։ Ահավասիկ այս բոլոր չարիքները մարդիկ այսօր էլ գործում են՝ լինելով քրիստոնյա: Սիրելիներ, մի՛ մոռացեք, որ Տերը գալու է նույն մարմնով և Հոր Փառքով դատելու իր արարածներին։ Ուստի, պատրաստվենք բարի գործերով, որպեսզի արժանանանք հարությանը և հավիտենական կյանքին»։
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք: