Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ Սուրբ Էջմիածնում
Հունվարի 5-ի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը պատարագ մատուցեց և քարոզեց։
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ» երգի ավետաբեր երգեցողությամբ Հայ Եկեղեցին Հայաստանում և Սփյուռքում իր հավատացյալներին ավետեց Հիսուսի ծննդյան մեծ ավետիսը։ Հարյուրավոր հավատացյալներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ և Սուրբ Էջմիածնի եղբայրության անդամներ, հավաքվել էին Մայր Տաճարում՝ լսելու Դանիել մարգարեի ավանդական ընթերցանությունը, Սուրբ Գրքի ընթերցումները և մասնակցելու Ս. Պատարագին։
Ճրագալույցի պատարագից հետո Վեհափառ Հայրապետը վեհարանում կատարեց Տնօրհնեքի կարգ և աղոթեց, որ մեր Տերը Սուրբ Խաչի հովանու ներքո պահպանի Հայ Եկեղեցին, նրա առաջնորդական կենտրոնները, թեմերը, հոգևորականներին ու հավատացյալներին: