Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, ուխտավոր հայորդիներ և տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
Մինչ սրբազան պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Ս. Պատարագի ընթացքում Ոսկան Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Աստված անիծեց նախամարդուն՝ Ադամին, և վտարեց Եդեմական դրախտից: ․․․Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա Աստծո մոտ հասնել: Այն, ինչ ժառանգեցինք Ադամից, մահ է և մարդու պարտությունն է, մարդու ենթակայությունը սատանային: Ահավասիկ, Քրիստոս եկավ աշխարհ՝ Բեթղեհեմի սուրբ այրի մեջ, որպեսզի ազատի անիծված նախամարդուն և աշխարհը: ․․․Աստված մարմին առավ, այսինքն՝ Քրիստոս ծնվեց որպես մարդ և դարձավ մեզ նման: Դա պատճառ եղավ, որ մենք կարողանանք ազատվել ադամական մեղքից: ….Մարդկությունը միշտ օրհնում է այն երևույթը, որ Աստված մարդացավ, եկավ աշխարհ»:
Սրբազան Հայրը ընդգծեց, որ Աստված ոչ միայն իր Որդուն առաքեց, որպեսզի մարդկությունը փրկվի, այլ, ինչպես ասում է շարականագիրը, առանց աչք թարթելու հովվի իր Եկեղեցին ու ժողովուրդը:
«Եթե Աստված անքուն աչքով միշտ պահում է Նոր Իսրայելը՝ Քրիստոսի ժողովուրդը, Քրիստոսի թագավորության հպատակներին, ապա ի՞նչ պարտավորություն ունենք մենք՝ որպես այդ թագավորության ժառանգներ կամ քաղաքացիներ: Աստված կատարում է իր պարտավորությունները. ուղարկեց Իր Որդուն, մարդ դարձավ, փրկեց մարդկությանը և առանց նիրհելու հետևում է մեզ, պահում է մեզ՝ Նոր Իսրայելին, քրիստոնյա ժողովրդին:
Իսկ դրա դիմաց ի՞նչ պարտավորություն ունենք մենք: Մենք ունենք պարտավորություն լսելու, ենթարկվելու Աստծո հրամաններին: Եվ այդ հրամանները ծանր չեն: Քրիստոսի և Աստվածաշնչի հրամանները քաղցր են և թեթև: Եթե մենք պիտի հետևենք, եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա նրա բոլոր հրամանները հաճույքով պիտի կատարենք, պիտի ձգտենք դրանք կատարել, պիտի ուզենք դրանք կատարել»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր քրիստոնյա ամեն բանից առաջ պետք է երկրպագի նորածին Քրիստոսին, ինչպես հովիվներն ու մոգերը, որոնք, թողնելով ամեն ինչ, գտան Քրիստոսի ծննդյան վայրը և իրենց հարգանքն ու երկրպագությունը մատուցեցին Նրան: Ոսկան Սրբազանը նշեց նաև, որ Քրիստոսի ծննդյամբ ողջ մարդկության համար երկնքից խաղաղություն բերվեց:
Վերջում Սրբազանը հորդորեց հավատացյալներին անձանձրույթ կերպով աղոթել և անդադար փառաբանել Աստծուն, ապաշխարել և մեղք չգործել, որպեսզի կարողանան ժառանգել հավիտենական կյանքն ու երկնքի արքայությունը:
Հավարտ Սուրբ Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: