Սերբիայի Նովի Սադ քաղաքում սկսվեց Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի հերթական գագաթնաժողովը
Մայիսի 31-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում սկսվեց Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի հերթական գագաթնաժողովը, որին մասնակցում են տարբեր եկեղեցիների և հարանվանությունների շուրջ 500 ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովը, որ կրում է «Դուք իմ վկաները պիտի լինեք» ընդհանուր խորագիրը, անցկացվելու է սույն թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը։
Եկեղեցիների Եվրոպական Խորհրդի Կառավարման խորհրդում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց պաշտոնապես ներկայացված է Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի անդամ, գագաթնաժողովին մասնակցում է պաշտոնական պատվիրակության հետևյալ կազմով՝ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (Առաջնորդ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի), Հոգեշնորհ Տ․ Շահե Ծ․ վարդապետ Անանյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն), Տիար Դոկտոր Կարեն Նազարյան (Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն) և Տիար Դոկտոր Խաչիկ Րաֆֆի Գազեր (Գերմանիայի Հայոց թեմ):