Սբ. Ներսես Շնորհալի շքանշան հանձնվեց Հայ Եկեղեցու բարերարների
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայ Եկեղեցու բարերարներ Սարո Խոդավարդյանը եւ Հարություն Աղասարգիսյանը պարգեւատրվել են Հայ Եկեղեցու Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանով:
Հունիսի 30-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Վեհափառ Հայրապետի տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը, ապա ընթերցվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Նորին Սրբությունն իր գնահատանքն էր հայտնում եկեղեցանվեր բարերարներին:
Իտալահայ բարերար Սարո Խոդավարդյանը երկար տարիներ վարում է Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Եկեղեցու համայնքային վարչության փոխատենապետի պատասխանատու պաշտոնը: Ի հավելումն բազմաթիվ եկեղեցաշեն գործերի, նա իր մասնակցությունն է բերել նաեւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու բարեզարդման գործին` հանձն առնելով եկեղեցու ներքին լուսավորության բարերարությունը:
Ամերիկահայ Հարություն Աղասարգիսյանը եւս Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալներից է, որը նախանձախնդրորեն մասնակցում է Հայ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի եկեղեցական կյանքին` կամավորաբար ստանձնելով զանազան հանձնառություններ:
Ստանալով Հայ եկեղեցու շքանշանը` տիար Սարո Խոդավարդյանը Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց իրեն արժանացրած պատվի համար` մասնավորաբար նշելով, որ լինել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայրենիքի կողքին նշանակում է հաճախ այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ Մայր Հայրենիք` նախ զորացնելու եւ ապա զորավիգ լինելու նրանց: Երախտիքի խոսք ասաց նաեւ Հարություն Աղասարգիսյանը:
Վերջում ներկաներին իր հայրական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: «Մենք կարեւորում ենք բարեգործության երեւույթը եւ առավելաբար ոգին, որով կատարվում է այդ բարեգործությունը: Մեզ համար մխիթարություն է տեսնել, որ երկու երիտասարդ հայորդիք իրենց ունեցվածքից մաս ու բաժին են հանում` մասնակցելով Մայր Եկեղեցու եւ Հայրենիքի զորացման սրբազան գործին», - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Հանդիսությանը գեղարվեստական հայտագրով մասնակցեց Երեւանի Կամերային երգչախումբը` խմբավարությամբ Հարություն Թոփիկյանի: