Սբ. Հարության տոնը` Սբ. Էջմիածնում

Սբ. Հարության տոնը` Սբ. Էջմիածնում 20.04.2003

Կիրակի, ապրիլի 20-ին, Հայաստանյայց Առաքելական սբ. եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ տոնը` Սուրբ Զատիկը:

Առավոտյան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծահանդես թափորի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճար` մատուցելու Սբ. Պատարագ եւ Հայրապետական իր պատգամը հղելու համայն հայությանը:

«Սիրելի ժողովուրդ հայոց, խաչելության մեր երկար ճանապարհները ավարտվել են Հարության առավոտով, եւ Հարության հույսի նոր լուսաբաց է ազատ մեր Հայրենիքում ու ազգային կյանքում: Զատկական այս առավոտ, երբ երկինք նայելով բացված ենք տեսնում Աստծո ողորմության դռները մեր առջեւ, հարուցյալ կյանքի նոր հրավեր է հնչում մեզ` հավատով զորացնելու մեր անհատական կյանքը եւ վերակառուցելու հավաքական մեր կյանքը: Դժվարություններ ունենք, պիտի ունենանք նաեւ դրանք հաղթահարելու ուժն ու զորությունը: Նայենք խաչքար դարձած մեր ժայռերին, երկնահայաց գմբեթներին հայոց եկեղեցիների, եւ նրանք պիտի խոսեն մեզ մեր հայրերի շուրթերով, պիտի խոսեն ու պատգամեն միասնական լինել Հայրենիքի ազատության սիրո եւ Սուրբ Խաչի ամենազոր թեւերի ներքո, եւ մեր միաբանությունը պիտի լինի մեր զորությունը: Անկախացյալ Հայաստանն ու Արցախը այսօր ամենից առավել խաղաղության կարիքն ունեն, կարիքն ունեն մեր նվիրումի ու անձնուրաց ջանքերի: Մեր տունը, մեր գյուղն ու քաղաքը, մեր եկեղեցիները մեր հողի վրա բարձրացնենք ոչ միայն հայրենի լեռներից բերված քարերով, այլեւ մեր սրտերի մեջ բնակվող Աստծո սիրով, մեր հայրերի ավանդից ու մեր պատմությունից առած ներշնչանքով: Մեր ափերի մեջ պիտի զորանա մեր Հայրենին ու դառնա երկիրը իրականացած մեր հույսերի: Ամեն բարի լույսի հետ օրհնենք սկիզբ առնող ամեն օրը ազատ մեր կյանքի, օրհնենք հավատով ու հավատարմությամբ եւ մեր զարթնյալ հոգու վստահությամբ կառուցենք հայոց բարօր ներկան ու գալիքի տեսիլքը, որ լույս է առնում Լուսավորչի անմար Կանթեղից:

Ուր որ ապրենք, սիրելի ժողովուրդ հայոց, Հայրենիքում, թե նրանից հեռու, թող մեր հոգին ծաղկի Արարատի զավակները լինելու հայրենասիրությամբ, Փրկչի հաղթանակած սիրո զորությամբ, եւ մեր հայրերի Աստված պիտի առաջնորդի մեզ նոր հաղթանակների: Ուխտենք հավատարիմ զավակները մնալ Սուրբ Էջմիածնի Մյուռոնի, որով մեր ճակատին ունենք Հարության կնիքը եւ որդեգիրներն ենք Քրիստոսի, ու մեր ճանապարհն է «Հաւատով ճանաչել զնա եւ զզօրութիւն յարութեան նորա», - պատգամեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը Հարության խորհրդով իր ողջույնը, օրհնությունն ու շնորհավորանքը հղեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգեւոր դասին, Հայաստանի Հանրապետության ավագանուն եւ համայն հայությանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն Խորհրդի անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ Պատարագի ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը ամենքին վերստին ուղղեց Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը: