Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց գոհաբանական աղոթք

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց գոհաբանական աղոթք 17.12.2002

Դեկտեմբերի 9-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հանդիսապետությամբ կատարվեց գոհաբանական աղոթք` մասնակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հայրերի: Արարողությանը ներկա էին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բարերարներ տիարք Նորայր Տեր-Գեւորգյանը եւ Սարո Խուդավերդյանը:

Արարողության ավարտից հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց ազգային բարերարներին` հավատավոր ժողովրդի անունից ի մասնավորի նշելով. «Վերստին ձեր սիրո, գնահատանքի թարգմանը ուզում եմ դառնալ եւ ձեր սրտի երախտագիտության անկեղծ զգացումները փոխանցել մեր բարերարներին` աղոթքով հանդերձ իրենց կյանքի, արեւշատության եւ իրենց գործոց հաջողության համար: Թող Աստված առաջնորդի նրանց դեպի Բարին, գեղեցիկը, դեպի ազնիվն ու ճշմարիտը, որպեսզի այս արժեքներով ծաղկի կյանքը իրենց ընտանեկան, զորանա կյանքը մեր հայրենական եւ պայծառանա Եկեղեցին Հայաստանյայց»:

Արարողությունից հետո եկեղեցական թափորն ուղղվեց դեպի Սբ. Աշխեն թագուհու մատուռը` կառուցված տեր եւ տիկին Տեր-Գեւորգյանների բարերարությամբ: Մատուռում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ազգային բարերարների ընտանիքների ննջեցյալների հոգիների հանգստության համար: