Ռուսաստանի Գերագույն Դատարանը մերժել է Ղազարոս Կյուրեղյանի բողոքը
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի hայոց թեմից Մայր Աթոռ ստացված տեղեկության համաձայն, 2004 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն Դատարանը մերժել է Ղազարոս Կյուրեղյանի (կարգալույծ հռչակված նախկին Տիրան արքեպիսկոպոս) բողոքն ընդդեմ 2003 թվականի հոկտեմբերի 1-ի Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման: Գերագույն Դատարանի վճռով հաստատվում է, որ Ղազարոս Կյուրեղյանի կողմից «Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի» անունով ստեղծված կազմակերպության, որպես անկախ կրոնական կառույցի, գրանցումը խախտում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությունը, ինչպես նաեւ հակասում Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրության պահանջներին: Հետեւաբար, այդ կազմակերպության գործունեությունը անօրինական է, իսկ ներկայացրած դատական հայցն ու բողոքը Գերագույն դատարան` անհիմն:
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հավաստմամբ, թեմը, պահպանելով իր ներքին միասնությունը, արդեն իսկ կարող է լիարժեք իրականացնել իր առաքելությունը:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը եւ գնահատանքն է հայտնել Ռուսաստանի Դաշնության օրենսդիր եւ դատական ատյանների բոլոր օրինահարգ անդամներին, ովքեր անաչառություն են ցուցաբերել հարցի արդարացի լուծման համար:
Նորին Սրբությունը լիահույս է, որ հետայսու թեմը կկարողանա առանց խոչընդոտների շարունակել իր ծառայությունը` ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ի զորացումն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: