Որդեգրենք մի ընտանիք

Որդեգրենք մի ընտանիք 17.02.2017

2016 թ-ի օգոստոսից ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան Ֆորումի անդամներ ԷԿԼՕՖ հիմնադրամի եւ UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ «Հալեպ» ՀԿ-ի աջակցությամբ, սկսել է սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիր:

Ծրագրի «Որդեգրենք մի ընտանիք» բաղադրիչի շրջանակում փետրվարի 14-15-ը ԷԿԼՕՖ հիմնադրամը նախաձեռնել էր երկօրյա հանդիպումներ վերջին ամիսների ընթացքում Սիրիայից ժամանած 20 ընտանիքների հետ: Մոտ 50 սիրիահայ ավելի քան 23 փախստական ընտանիքներից մասնակցել է հանդիպումներին: Հրավիրված փորձագետների առաջարկով նրանք ներկայացրել են իրենց պատմությունները՝ քննարկելով հետեւյալ թեմաները. 

· ավանդույթները, ապրելակերպը, լեզուն եւ արտահայտչամիջոցների տարբերությունը

· կրթական, բժշկական օգնության համակարգերը ՀՀ-ում

· հարմարվողականությունը նոր միջավայրին։

«Որդեգրենք մի ընտանիք » բաղադրիչի նպատակն է օգնել ներգաղթյալ ընտանիքներին՝ խթանելով նրանց ինտեգրումը պարբերական ու կանոնավոր շփումների միջոցով‚ աջակցել գործնական խորհուրդներով‚ տրամադրել առաջին օգնություն և արձագանքել ընդհանուր հարցումներին‚ ինչպես նաև կազմակերպել այցեր տեսարժան վայրեր, մասնակից դարձնել մշակութային եւ հասարակական միջոցառումների:

Սիրիացիները նաև հանդիպել են փորձագետների գործարարության, բանկային ոլորտներից, զրուցել աշխատանքային և կրթության հարցերի մասին: Այդ հանդիպումները նրանց հնարավորություն կտան նոր կապեր հաստատելու և ծանոթանալու տեղական միջավայրին: Փետրվարի 21-ին սիրիահայ ընտանիքներն այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ Գայանե վանք և սբ. Շողակաթ եկեղեցի, և ճաշելու են միասին:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղանը էկումենիկ ծրագիր է, որը ստեղծվել է 1996 թ. Հայ Առաքելական Եկեղեցու և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայ Կաթոլիկ ու Հայ Ավետարանական Եկեղեցիների:

Հայաստանի Կլոր Սեղանի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, կրթական, մշակութային ու հասարակական ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն հայ հասարակության զարգացմանը: