Շարունակվում է միաբանական համագումարը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հուլիսի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց միաբանական ընդհանուր համագումարը` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերից ժամանած Սբ. Էջմիածնի միաբան հայրերի մասնակցությամբ:
Նիստերի ընթացքում լսվեցին Տ. Զարեհ վրդ. Պարոնյանի «Ինչպե°ս կարելի է «Քրիստոսի Մարմնի շինությունը» գործնական դարձնել թե մեր մեջ եւ թե մեր հավատացյալ ժողովրդի համար» եւ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի «Հովհաննու ավետարանի «Քաջ հովիվը» եւ ներկայ հովիվ-միաբանը. նմանություններ եւ տարբերություններ» բանախոսությունները, որոնք եւ դարձան օրվա քննարկման նյութը:
Առանձին քննարկումների ընթացքում միաբան հայրերն անդրադարձան քրիստոնեության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին, հովվական աշխատանքում ունեցած դժվարություններին ու դրանք հաղթահարելու միջոցներին: Արծարծվեցին ազգային ինքնության, ընտանիքի ու քրիստոնեական արժեքների պահպանմանը վերաբերող հարցեր:
Նիստերից հետո միաբանները մեկնեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի, ուր մասնակցեցին երեկոյան ժամերգության: