Շահե վարդապետին շնորհվեց ծայրագույն վարդապետության աստիճան
Փետրվարի 20-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ շնորհվեց ծայրագույն վարդապետական աստիճան: Հայր Սուրբի ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Կարգը կատարվեց ձեռամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Արարողության ավարտին Վահան Սրբազանը, անդրադառնալով Շահե վարդապետի գործունեությանը, իր շնորհավորական խոսքում մասնավորաբար ասաց. «Որպես ավագ եղբայր` տարիների ընթացքում տեսել եմ Հայր Շահեի հոգևոր աճն ու նրա հիանալի աստվածաբանական և առաքելական պատրաստվածությունը: Հայր Սուրբն ակադեմիական բարձր տիտղոսներ է ստացել Ֆրանսիայում և այսօր էլ շարունակում է իր աստվածաբանական հետազոտումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակելով բազում հոդվածներ և խմբագրելով Մայր Աթոռի ամսագիրը ու զանազան այլ գրքեր»:
Սրբազան Հայրը մաղթեց, որ Ամենակարող Աստված իր Սուրբ Հոգու շնորհները շարունակի հեղել Շահե ծայրագույն վարդապետի վրա, որպեսզի վերջինս առավել զորանա և Տիրոջ օրհնությամբ շարունակի իր պայքարը խավարի դեմ՝ քարոզելով Աստծո սերը, շնորհներն ու խաղաղությունը:
Փետրվարի 21-ին, Հայր Շահեին, ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոսպոս Հակոբյանի, ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը ծայրագույն վարդապետության աստիճան ստանալու առիթով իր գնահատանքն ու հայրապետական օրհնությունը փոխանցելով Հայր Շահեին, վստահություն հայտնեց, որ Հայր Սուրբը նույն նախանձախնդիր ծառայանվիրումով հետագայում ևս կշարունակի իր հոգևոր ու գիտական սպասավորությունը բերել ի նպաստ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը Շահե ծայրագույն վարդապետին շնորհեց վարդապետական լանջախաչ: