Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում:
Մեծարումի, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ և զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ և սիրո կատարյալ նվիրումով:
Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջով միշտ հովանի լինի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին՝ պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ օրեր:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն: