ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ 17.09.2003

Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը եւ վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ 1700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

(12.09.2003թ.)

Սրբազան հայրեր

Հոգեւոր եղբայրներ

Գիտաժողովի սիրելի մասնակիցներ.

Հոգու անսահման բերկրանքով ողջունում ենք նվիրական մեր սրբավայրի` Կաթողիկե Մայր Տաճարի 1700-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը Սուրբ Էջմիածնում: Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում գիտաժողովի բոլոր մասնակիցներիդ եւ Մեր գնահատանքը, որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքեցիք Մայր Աթոռի հրավերին:

Այսօր Ձեզ հետ միասին հրաշալի առիթն ունենք վերստին ապրելու լուսեղեն խորհուրդը Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի, որ Երկնավորի բացառիկ պարգեւն է մեր ժողովրդին: Աստծո Էջքով նվիրագործված այս սրբավայրից 1700 տարի առաջ քրիստոնեության լույսը ճառագյալ սփռվեց համայն Հայաստանի ու հայոց վրա: Որտեղ էլ տարագիր ապրեցինք, մեր հայացքները ուղղեցինք դեպի Արարատի լանջին վեհորեն կանգնած ու մեզ միշտ կանչող ու միավորող հավատի մեր օրրանը, Միածնաէջ հոգեւոր մեր կենտրոնը` Մայր Տաճարը ամենայն հայոց: Աղոթախոս նրա քարերին են դիպել մեր մեծ սրբերի` Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի ձեռքերը, Իջման Սուրբ Սեղանի առջեւ ծնրադրել են մեր երանաշնորհ ու երախտարժան Հայրապետները, նրա կամարների ներքո Մաշտոց Սուրբ Վարդապետը հայոց նորագյուտ այբուբենն է ուսուցանել հայ մանուկներին եւ այստեղ են վասն հավատի ու հայրենյաց մարտերից առաջ ուխտել եւ օրհնություն ստացել հայոց քաջերը: Այսպես գիտենք Սուրբ Էջմիածինը ու այսպես պիտի ճանաչենք միշտ` «հայ հոգու զորության ակունք ու գանձարան, ազատության սեր ու դրոշ, հայ հոգու պարծանք ու հաղթություն, գիտենք մեզ Մայր պաշտելի` գորովագութ սիրով մեզ շաղկապող, սիրո մեջ հաստատող ու պահպանող» (Հայրապետական Կոնդակ, թիվ 124, 2003թ.):

Սիրելիներ, այսօր դուք եւս գիտական ձեր ուսումնասիրություններով նշանավորում եք Մայր Տաճարի մեծ տարեդարձը: Նրա պատմությանը, ճարտարապետությանը եւ այլ հարցերի նվիրված ձեր զեկուցումները մեկ անգամ էլ ներկայացնելու են մեր Եկեղեցու հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածինը` իր սրբազան առաքելությամբ համազգային մեր կյանքում եւ քրիստոնեական եկեղեցիների մեծ ընտանիքում: Երեկ, այսօր եւ միշտ նույնն է նրա առաքելությունը. Աստծո սերը եւ հավատի լույսը մեր ժողովրդի հոգում անմար պահելու առաքելությունն է այդ, որը դարձել է նաեւ հայորդուն հայրենյաց արժեքներով ապրեցնելու լուսավոր ճանապարհ, Հարության հավատով դեպի ազատ Հայաստանի այսօրը առաջնորդելու ճանապարհ: Սուրբ Էջմիածնից ճառագող հավատի մեծագույն գանձը իր հոգում եւ նախնյաց հարուստ ժառանգությունը իր ուսերին մեր ժողովուրդը կերտում է իր նոր կյանքը` մասնակցություն բերելով ժողովուրդների ու պետությունների համագործակցությանը` հանուն աշխարհում խաղաղության հաստատման ու առաջընթացի: Այսօր, երբ ետընթաց են ապրում հոգեւոր արժեքներն ու բարոյական սկզբունքները, երբ նյութականն ու մարմնականը դառնում են գերադասելիություններ, մեր ժողովրդի համար նույնպես լուրջ մտահոգություն է հոգեւորի վերարժեւորումը հասարակական կյանքում: Պատմությամբ ու կյանքով է վկայված` առ Աստված հավատի պակասից են ծնունդ առնում բոլոր չարիքները` ատելությունը, օրինազանցությունը, բռնությունները, անտարբերությունը մարդու հանդեպ, նրա կարիքի ու ցավի հանդեպ: Գիտության ձեռքբերումները եւ տեխնիկական նորանոր հնարավորությունները չեն կարող սնունդ դառնալ մարդկային հոգու համար եւ մանավանդ, չեն կարող պատասխան տալ այն հարցին, թե ինչպե°ս երջանիկ լինի իր ընտանիքում, մերձավորների շրջանում ու հասարակության մեջ: Օրենք ու օրենսդրություն` լավագույնս անգամ մշակված, չեն կարող գործել առանց մարդկային հոգու առաքինության, որի ակունքը հավատն է` Աստծո հետ իր արարածի կենդանի հաղորդակցությունը: Հավատարիմ այս ճանաչողությանը ու մեր հայրերի ավանդներին, Մայր Աթոռը շարունակում է իր առաքելությունը, եւ փառք Տիրոջ, այսօր նորոգ զարթոնք է ապրում: Հայրենիքում ամենուր կառուցվում ու վերակառուցվում են եկեղեցիներ, օրավուր զորանում է քարոզչությունն ու բազմազան հոգեւոր-կրթական գործունեությունը, հոգեւոր ու ազգային վերածնունդ է Սփյուռքում եւ Հայրենիքում: Աստված հաճեցավ վերհառնումը մեր ժողովրդի, հաճեցավ պայծառակերպությունը հայորդյաց հոգիների եւ

1700-ամյա Սուրբ Էջմիածնով օրհնեց հավատի մեր ընթացքը դեպի նոր հազարամյակ:

Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջեւ խոնարհյալ աղոթք ենք բարձրացնում երկինք, հայցելով, որ Աստվածային լույսի եւ օրհնության խորանաշատ դռները միշտ բացված լինեն հայոց աշխարհի վրա եւ միշտ բանուկ լինի դեպի հայ հոգու սրբօրրանը` դեպի Միածնաէջ մեր Մայր Տաճարը առաջնորդող հայորդյաց ճանապարհը:

Սիրելի ներկաներ, Մայր Տաճարի 1700-ամյակին նվիրված գիտաժողովի բացման այս ուրախ առիթով Հայրապետական Մեր մասնավոր գնահատանքն ենք բերում նրա կազմակերպիչներին` Սուրբ Էջմիածնի այն ուխտյալ միաբաններին, ովքեր գլխավորությամբ ԱՄՆ Արեւելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանի, սիրով ու ամենայն ջանադրությամբ հոգացին գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները: Մենք հավատում ենք, որ գիտաժողովը կարեւոր ավանդ է բերելու Հայ Եկեղեցու շուրջ ճանաչողության ընդլայնմանը, միաժամանակ` ներկայացնելով ազգային եկեղեցական մեր կյանքում առկա հրամայականները եւ մեկ անգամ եւս արժեւորելով Հայ Եկեղեցու առաքելությունը, նոր քաջալերություն է դառնալու քրիստոնեական մեր կյանքին:

Տիրոջ զորակցությունն ենք հայցում բոլորիդ եւ մաղթում բարի ընթացք ու արդյունավորում գիտաժողովի աշխատանքներին:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն: