Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Վրդովված հոգով դատապարտում ենք սոսկալի ոճրագործությունը...»
Տեղի ունեցավ Զորիկ սարկավագի հուղարկավորությունը
Նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի ունեցավ Վլադիկավկազում սպանված` տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր բարեշնորհ Զորիկ սրկ. Աբեշյանի հուղարկավորությունը: Հանգուցյալ սարկավագն անհետացել էր հոկտեմբերի 10-ին` եկեղեցի գնալու ճանապարհին, որից հետո` հոկտեմբերի 31-ին, նրա անդամահատված դին Վլադիկավկազի իրավապահ մարմինները հայտնաբերել էին Վլադիկավկազ-Ալագիր մայրուղու ճամփեզրին:
Թաղման կարգը կատարեցին Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսիսյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանների մասնակցությամբ:
Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության հանգուցյալ սարկավագի սգակիր ընտանիքին ցավակցական գիր էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` դատապարտելով կատարված ոճրագործությունը:
«Վրդովված հոգով դատապարտում ենք սոսկալի ոճրագործությունը` հուսալով, որ կհայտնաբերվեն եւ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այս եղեռնագործության կատարողները», - ասված է Նորին Սրբության ցավակցական նամակում: