Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահին
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովին:
«Մենք ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջեւ ստեղծվել են ջերմ հարաբերություններ: Վստահ ենք, որ միասնաբար պիտի կարողանանք դիմագրավել ներկա կյանքի հրամայականները ու մարտահրավերները: Մենք մեր շնորհակալություն ենք հայտնում նաեւ Ձեզ այն հոգատար վերաբերմունքի համար, որ տածում եք Բուլղարիայում բնակվող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ, ովքեր իրենց կարեւոր ներդրումն ունեն Բուլղարիայի պետության մեջ` որպես արժանավոր եւ հավատարիմ քաղաքացիներն այդ պետության»,-բարի գալուստ մաղթելով Բուլղարիայի Հանրապետության նախագահին հայոց հոգեւոր կենտրոն` ասաց Հայոց Հայրապետը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու անցած ուղուն, եկեղեցի-պետություն հարաբերություններին: Նորին Սրբությունը նախագահին նաեւ խնդրեց իր եղբայրական ողջույնները փոխանցել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Մաքսիմ Պատրիարքին ու բոլոր հավատացյալներին եւ անդրադարձավ երկու տարի առաջ Բուլղարիա կատարած իր այցի մանրամասներին:
Նախագահ Գեորգի Պրվանովը ուրախությամբ արձանագրեց, որ տարեցտարի ավելի են սերտանում երկու երկրների հարաբերությունները` անդրադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին: Գեորգի Պրվանովը շեշտեց հասարակության մեջ քրիստոնեական բարձր արժեքների տարածման անհրաժեշտությունը` նշելով, որ բուլղար ժողովուրդը կարողացավ տոկալ եւ դիմանալ դժվարություններին իր հավատքի եւ եկեղեցու շնորհիվ:
Բուլղար պատվիրակության կազմում էր նաեւ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու Վիդինսկի Դոմետիան միտրոպոլիտը: Միտրոպոլիտը, Բուլղար եկեղեցու գահակալի եւ Ս. Սինոդի անդամների ողջույնը փոխանցելով Հայոց Հայրապետին, նշեց, որ իր համար մեծ ուրախություն է լինել Ս. Էջմիածնում եւ արժանանալ Հայոց Հայրապետի ընդունելությանը: Դոմետիան միտրոպոլիտը կարեւորեց երկու եկեղեցիների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները` հույս հայտնելով, որ դրանք է°լ ավելի պիտի զորանան ու ամրապնդվեն` ի շահ երկու քրիստոնյա ժողովուրդների:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, երկու երկրների դեսպանները, պաշտոնատար այլ անձինք: