Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն Նահանգի մարզային խորհրդի պատվիրակությանը
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի մարզային խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին` գոհունակությամբ նշեց Բուշ դյու Ռոն նահանգի եւ Մայր Աթոռի Սբ. Էջմիածնի միջեւ ստեղծված ջերմ հարաբերություններն ու օգտավետ փոխգործակցությունը` իբրեւ հայ-ֆրանսիական բարեկամության իրական վկայություն:
Հանդիպման ավարտին Վեհարանում Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը եւ ֆրանսիական «Altitude 5165» (Մարսել) մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչ Կլոդ Հարունյանը ստորագրեցին համաձայնագիր, որով Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը 1902թ. Մկրտիչ Խրիմյան Ամենայն Հայոց Հայրապետի կողմից կառուցված Մայր Աթոռի նախկին հիվանդանոցի շենքը եւ կից տարածքը տրամադրում է վերոգրյալ կազմակերպությանը` Էջմիածին քաղաքում ատամնաբուժարան հիմնելու համար: Ատամնաբուժարանը, որ կսպասարկի շրջակա բնակչությանը, կառուցվելու է Ժան-Նոել Գերինիի հովանավորությամբ:
Այս տարվա հունիսին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ եւ Ժան-Նոել Գերինիի մասնակցությամբ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել նաեւ ատամնաբուժական կենտրոնի օրհնության կարգ եւ հուշաքարի բացում:
«Մեր աղոթքն է, որ Տերը պահի ու պահպանի մեր երկու ժողովուրդների միջեւ հաստատված եղբայրությունը եւ բարեկամությունը` ամրացնելով համագործակցության ոգին: Բարեգործության պտուղներից օգտվում են մեր զավակները, սակայն բարեգործությամբ առավել եւս զորանում եք դուք` այն սիրով, որ դրսեւորում եք կարիքի մեջ եղող ձեր նմանի նկատմամբ», - դիմելով հյուրերին` նշեց Նորին Սրբությունը:
Նույն օրը համագործակցության համատեղ հայտարարություն ստորագրեցին նաեւ Ժան Նոել Գերինին եւ Էջմիածնի քաղաքապետ Հրաչ Աբգարյանը` պարտավորվելով սատարել ատամնաբուժարանի հիմնադրմանը: