Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Տարյա Հալոնեին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի  Հանրապետության նախագահ Տարյա Հալոնեին 29.09.2005

 

Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Ֆինլանդիայի Հանրապետության նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող ջերմ հարաբերությունների համար: Նորին Սրբությունը անդրադարձավ նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին, ինչպես նաեւ հիշեց 2002թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ, Արքեպիսկոպոս Յուկա Պաարմայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, այլեւ 2004 թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու հրավերով Ֆինլանդիա կատարած պաշտոնական իր այցը:
Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայի նախագահին այն նպաստի համար, որ Ֆինլանդիան բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում: «Հավատում ենք, որ բարին պիտի հաղթանակող լինի. այլ ճանապարհ չկա, քան փոխհամագործակցությամբ ապրել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում», - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում` անդրադառնալով եկեղեցիների եւ կրոնների պետերի կարեւոր դերին խաղաղության հաստատման գործում: «Հոգեւոր պետերը գիտակցում են ներկա կյանքի պայմաններում աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները` ժողովուրդների մեջ հանդուրժողության ոգին զորացնելու եւ խաղաղ համակեցության կոչելու` բարի ապագա երաշխավորելու մարդկությանը»,- նշեց Նորին Սրբությունը:
Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ խոսքերի համար` տիկ. Հալոնեն ուրախություն հայտնեց հանդիպման հնարավորության համար` վերհիշելով 1996թ. Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած իր հանդիպումը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործնթացների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս գործունեության մասին կրթական եւ սոցիալական ոլորտներում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը: