Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վասպուրական հայրենակցական միության անդամներին
Ապրիլի 4-ին, Խրիմյան Հայրիկի գերեզմանի մոտ, հանդիսապետությամբ Փառեն եպս. Ավետիքյանի, կատարվեց հոգեհանգիստ երջանկահիշատակ Հայրապետի ծննդյան առիթով:
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Վասպուրական հայրենակցական միության անդամներ եւ հավատացյալներ:
Այնուհետեւ Վասպուրական հայրենակցական միության անդամներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` անդրադառնալով Խրիմյան Հայրիկի ազգանվեր եւ եկեղեցաշեն գործունեությանը: «Մենք անկեղծ ուրախություն եւ մխիթարություն ենք ապրում` տեսնելով մեր ժողովրդի զավակաց հավատավոր ու նախանձախնդիր ոգին` հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա սպասավորները»,- իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը: