Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի արտաքին գործոց նախարարին
Հոկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեցՆորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Յան Պետերսոնին` Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի եւ ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության պատվո հյուպատոս Տիմոթի Սթրեյթի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսեց Հայ Եկեղեցու անցած ուղու, ներկայիս մարտահրավերների մասին: Անդրադառնալով երկու երկրների կապերին, Նորին Սրբությունը երախտագիտությամբ նշեց 1915թ. Հայոց եղեռնի եւ 1988թ. երկրաշարժի օրերին հայ ժողովրդին ցուցաբերած Նորվեգիայի աջակցությունը: Հայոց Հայրապետը անդրադարձավ նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Նորվեգիայի Եկեղեցու առկա հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` Յան Պետերսոնը հույս հայտնեց, որ իր այս այցելությամբ երկու պետությունների միջեւ հարաբերություններն ու կապերն առավել կսերտանան եւ կարդյունավորվեն: