Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրիին
Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով մեծարգո հյուրի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին` կարեւոր նկատելով հայ համայնքի դերը Լիբանանի Հանրապետության բարգավաճման գործում:
«Ուրախ ենք ողջունելու Ձեզ եւ Ձեր պատվիրակության անդամներին Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի հոգեւոր, նվիրական այս կենտրոնում: Մեր գնահատանքը Լիբանանի իշխանություններին, որոնց բարյացակամության եւ հոգածության շնորհիվ մեր ժողովրդի զավակներն ազատորեն ապրում են Ձեր երկրում իրենց ազգային կյանքով` լինելով Լիբանանի արժանավոր քաղաքացիները: Մեր աղոթքն է, որ Աստված ամուր եւ հաստատուն պահի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որպեսզի երկուստեք կարողանանք իրականություն դարձնել այն բոլոր բարի մտածումները, որոնք ուղղված են բարօր կյանքի հաստատմանը ինչպես մեր, այնպես էլ Ձեր երկրում»,-ասաց Նորին Սրբությունը:
Լիբանանի Հանրապետության վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ընդունելության համար եւ անդրադարձավ հայ-լիբանանյան համագործակցության զորացմանն ուղղված ծրագրերին:
«Մեզ համար մեծ պատիվ է այցելել Ս. Էջմիածին եւ հանդիպել Ձերդ Սրբությանը: Այս այցն ակնհայտ վկայությունն է այն ջերմ հարաբերությունների, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների եւ պետություննների միջեւ: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որ բազում մարտահրավերներ է տեսել, բայց ես հույս ունեմ, որ խաղաղություն պիտի հաստատվի` խարսխված արդարության եւ ներողամտության վրա»,-նշեց վարչապետը:
Ընդունելությանը ներկա էին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը, Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: