Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը 18.08.2003

Օգոստոսի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայկական Համագումարի հրավերով Հայաստան ժամանած ԱՄՆ սենատորների եւ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցում էին ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը եւ ԱՀՀ-ի կոնգրեսական կապերի տնօրեն Ռոբ Մոշերը:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց նրանց եւ ի դեմս նրանց բոլոր այն անձանց, ովքեր իրենց զորակցությունն են բերում հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Անդրադառնալով արցախյան ազատամարտին` Նորին Սրբությունը նշեց. «Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը եւս իր արդար լուծումը պիտի գտնի, եւ մեր ժողովրդի զավակները պիտի ապրեն խաղաղության մեջ` կերտելով իրենց կյանքն իրենց հայրենի հողում»:

Ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու գործունեությունը` Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձավ քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, եկեղեցաշինության, սոցիալական սպասավորության ոլորտներում առկա խնդիրներին:

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին: