Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց հայագիտական միջազգային համաժողովը
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում իր աշխատանքներն սկսեց «Հայագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովը:
Բացման արարողությանը ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի բացման խոսքից հետո համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` կարեւորելով հայագիտության ասպարեզում նրանց բերած ծառայությունը եւ նախանձախնդրությունը հավաքվելու` «ներկայացնելու վերջին տասնամյակներում հայագիտության բնագավառում կատարված ուսումնասիրությունները, այսօր առկա անհրաժեշտությունները եւ նախանշելու հայագիտության հետագա ընթացքն ու զարգացումները»:
«Արդարեւ, Արարատի փեշերին հազարամյակներ ապրող ու արարող մեր ժողովրդի ժառանգությունը շատ բան կարող է պատմել մարդկության հնագույն անցյալի ու կենսագրության մասին: Բայց մանավանդ, հոգեւոր այն երթի մասին, որ պսակված է Փրկչի Հարությամբ եւ առ Քրիստոս հավատի կյանքով, որը 4-րդ դարից ի վեր ակունքն է հայի զորության ու դիմագիծը հայ իրականության: Հայագիտությունը ճանաչել է տալիս հայ ժողովրդի էությունը, քրիստոնյա Հայաստանի ոգին, այն ամենը, ինչ կոչվում է հայի հոգեւոր աշխարհ:
Մենք ուրախ ենք, որ այսօր հայագիտության ասպարեզում կարեւորվում է նաեւ ուսումնասիրվող նյութերի հոգեւոր շերտի վերհանումը` իբրեւ գիտական ամբողջականության գրավական: Ուրախ ենք, որ վերանայվում են մեր պատմության խեղաթյուրումները, միտումնավոր գնահատականները. որ գնալով մեկ ամբողջականության մեջ է ընկալվում Հայ Եկեղեցու ու ժողովրդի պատմությունը եւ ընդլայնվում է Հայ Եկեղեցական ժառանգության ումսումնասիրությունը, առանց որի հնարավոր չէ ճանաչել հայոց մշակույթը ու ընկալել նրա իմաստն ու նպատակը»,- ասաց Նորին Սրբությունն իր խոսքում:
Վեցօրյա համաժողովի ընթացքում Հայաստանի եւ շուրջ 25 երկրներից ժամանած հայագետների ուշադրությանը կհանձնվեն հայագիտության տարբեր խնդիրներին առնչվող ավելի քան 80 զեկուցումներ: Համաժողովի աշխատանքներն ընթանալու են պատմության, բանասիրության, մշակույթի եւ «Հայոց Եկեղեցին եւ հայագիտությունը» չորս մասնաճյուղերում:
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի եւ Երեւանի Պետական Համալսարանի ջանքերով գումարված հայագիտական համաժողովը կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, Երեւանի Պետական համալսարանի բարեկամների միության, «Ջորջ Իգնատիոս» հիմնադրամի եւ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հովանավորությամբ: