Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով 23.04.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՊՐԻԼԻ 24-Ի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի Մեր զավակներ,

Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի:

Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր սուրբ նահատակներին:

Սիրելի հայորդիներ, Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ բոլորիս հետ. ամեն: