Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ` ՈՒՂՂՎԱԾ ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ` ՈՒՂՂՎԱԾ ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ 01.11.2002

Փառք եւ գոհություն ենք վերառաքում առ Բարձյալն Աստված, որ դուք համախմբվել եք այսօր` հայտարարելու Ուելսի Ազգային Ժողովի հայոց ցեղասպանության մասին Տեսակետը: Մենք հպարտ եւ շնորհակալ ենք, որ հետեւելով 1915-1923թթ. ընկած դաժան տարիներին, հայ ժողովուրդը Միացյալ թագավորության մեջ ապաստան գտավ աշխարհի շատ այլ երկրների նման: Ի դարի առաջին ցեղասպանության զավակները ոչ միայն փրկվեցին իրենց նոր միջավայրերում, այլեւ ծաղկեցին` դառնալով համագործակցող, հավատարիմ եւ արժանի քաղաքացիներն իրենց որդեգրված երկրներում:

Այնուամենայնիվ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո 80 տարիներ շարունակ, այս կարեւոր հարցը մնում է մեր եւ ամբողջ մարդկության առաջ: Ցեղասպանությունը մի ազգի դեմ գործված ոճրագործություն չէ, այլ ավելին` ընդդեմ ամբողջ մարդկության: Ցեղասպանության ոճիրը մարդու եւ Աստծո դեմ է, քանզի Աստծո առաջին շնորհը կյանքի պարգեւն է: Կյանքի պաշտպանությունը մեր ամենակարեւոր պատասխանատվությունն է, որ մենք հանձն ենք առել, եւ ամեն մի պահպանված կյանք մի պարգեւ է, որ մենք կարող ենք վերադարձնել Աստծուն: Ամեն մի մարդ արարած պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր մարդու կյանքի դեմ կատարված վտանգավոր գործ պետք է դատապարտվի հենց սկզբում:

Բազմաթիվ պետություններ եւ կառավարություններ խիզախորեն ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը, որովհետեւ նրանք ճշգրտորեն գիտակցել են Ուելսի Ազգային Ժողովի նման, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործված մեծագոյն հանցագործություն է: Ցեղասպանության առաջն առնելու միակ ճանապարհը նրա ճանաչումն է: Մեռածների կամ ողջերի արդարություն գտնելու միակ ճանապարհը ցեղասպանության դատապարտումն է:

Մենք բարձր ենք գնահատում եւ արժեւորում այս հարցի ձեր քննարկումն ու պատրաստակամությունը` ավելի բարձր մարմիններին արձագանքը հասցնելու եւ խթանելու ցեղասպանության լայն ճանաչմանը: Այս մարդասիրական եւ սիրո գործը ոգեւորում է այս դժվարին եւ խառն աշխարհում բոլոր նրանց, ովքեր զոհվել են մարդու` մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեր ժողովին այս հարցը քննարկման արժանի դարձնելու համար:

Երրորդ հազարամյակի նախաշեմին, աշխարհի առաջ ծառացած են բազմաթիվ դժվար մարտահրավերներ: Աշխարհը չարչարվում է բազում չարություններից, գլխավորապես ահաբեկչության վտանգի եւ հետեւանքների պատճառով: Ցեղասպանությունը եւ ահաբեկչությունը չեն կարող լինել լուծման ճանապարհ մերօրյա կրոնական, սոցիալական եւ քաղաքական ընդհարումների համար: Մարդկային չարչարանքը, որ վտանգում է աշխարհի ապահովությունը եւ անսասանությունը, կարող ենք եւ պետք է մենք կանգնեցնենք: Այնուամենայնիվ, այն խլում է ձեզ նման քաջ մարդկանց` օգնելու արդարության կայացմանը:

Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու եւ ժողովրդի անունից, մենք, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, գնահատում ենք Ուելսի Ազգային Ժողովի հավաքական ջանքերը հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատռապարտության համար: Մեր ժողովրդի հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից մեր աղոթքն ենք առ Աստված երկինք բարձրացնում` հայցելով Տիրոջ բազում օրհնություններն եւ Նրա հովանավորությունը Ուելսի ժողովրդի, Միացյալ Թագավորության, Նորին գերազանցություն թագուհու եւ ողջ մարդկության վրա: