Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է Մոսկվա
Հոկտեմբեր 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ պաշտոնեության հետ հանդիպման ժամանակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց, որ մեկնում է Մոսկվա` Ռուսաստանի հայ համայնքի հետ նշելու Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Ալեքսի Երկրորդի ծննդյան 75-ամյակը եւ կատարելու հիմնարկեքը Մոսկվայի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու եւ Թեմի Առաջնորդարանի:
Նորին Սրբությունը անդրադառնալով նաեւ օրերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցմանը, մտահոգություն արտահայտեց Հայաստանում եւս մեկ տոտալիտար աղանդի գրանցման առնչությամբ: Վեհափառ Հայրապետը սխալ եւ անարդար համարեց մեղադրանքները Հայ Առաքելական Եկեղեցու եւ եկեղեցականության կողմից հոգեւոր քարոզչությունը թերի եւ անկատար իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ անընդունելի` այն հիմնավորումները, որոնցով փորձ է արվում արդարացնել տոտալիտար աղանդի գրանցումը: «Հայ Առաքելական Եկեղեցին առաքելություն ունի եւ անկախ ամեն դժվարությունների, իր բոլոր հնարավորություններով պիտի իրականացնի այն».– ասաց Վեհափառ Հայրապետը:
Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց մտավորականներին, քաղաքական գործիչներին եւ բարեպաշտ բոլոր հավատացյալներին այս հարցում դրսեւորած նախանձախնդրության համար: