Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է ուղղում Իրաքի քրիստոնյա ու իսլամ հոգեւոր առաջնորդներին ու ժողովուրդներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդարանից խորը մտահոգությամբ տեղեկացավ, որ Իրաքի Մոսուլ քաղաքում հարձակման են ենթարկվել եւ պայթեցվել հայ եւ քաղդեական եկեղեցիներ:
Դատապարտելով Իրաքում եկեղեցիների դեմ իրագործված ահաբեկչությունը, որով վտանգվում է քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է ուղղում Իրաքի քրիստոնյա ու իսլամ հոգեւոր առաջնորդներին ու ժողովուրդներին` կամք եւ գիտակցություն դրսեւորելու եւ կանխելու Իրաքում ստեղծված քաղաքական ճգնաժամին կրոնական բնույթ հաղորդելու վտանգը եւ միասնական ջանքերով ու եղբայրական սիրով ձեռնամուխ լինելու երկրում միջկրոնական եւ ընկերային բնականոն կյանքի վերահաստատմանը: