Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հայկական Ճաշոցի ինքնատիպ մի խմբագրության՝ լավագույն օրինակ հանդիսացող, Հեթում Բ արքայի պատվերով 1286 թվականին Սկևռայում գրված Ճաշոցի բնագիրը՝ «Հեթում Բ արքայի Ճաշոցը» խորագրով։
Բնագիրը Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի խմբագրությամբ հրատարակության են պատրաստել Դավիթ Ղազարյանը և Լիլիթ Ալեքսանյանը։
Աստվածաշնչագիտության տեսակետից Ճաշոց գրքերի բնագրերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Աստվածաշնչի հայերեն բնագրի վաղ շրջանի տեսքի և տեքստում կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաև կարող է օգտակար լինել Աստվածաշնչի հայերեն քննական բնագրի պատրաստման և միջնադարյան հայկական մանրանկարչության ուսումնասիրության համար։
Ծիսագիտության զարգացումը առանց ծիսական կարևոր գրքերի բնագրերի պատշաճ հրատարակության պարզապես անհնար է։ Այս տեսանկյունից, սույն բնագրի հրատարակությունը կարևոր է նաև նրանով, որ մինչ օրս կատարված ճաշոցի հրատարակությունների մեջ առաջինն է, որի ձեռագրական հիմքը հայտնի է։ Այս տեսանկյունից ներկայացվող բնագիրը «Ճաշոց» գրքի առաջին գիտական հրատարակությունն է՝ հիմնված մեկ ՄՄ 979 համարի ձեռագրի վրա։