Նոր հրատարակություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ս. Հռիփսիմե վանքի 1400-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Ս. Հռիփսիմե վանքը» աշխատությունը և Արմենուհի Հովհաննիսյանի պատրաստած Սուրբ Հռիփսիմե վանքի մատենագիտությունը:
Առաջին ուսումնասիրության մեջ հեղինակը կատարել է Ս. Հռիփսիմե վանքի պատմավիմագրագիտական քննությունը: Սրբավայրի պատմությանը զուգընթաց ներկայացված են վանքի շրջակայքում տարբեր տարիներին իրականացված հնագիտական պեղումները, ի հայտ եկած ուշագրավ շինություններն ու առարկաները: Ագաթանգեղոսի «Պատմության» հիման վրա անդրադարձ է կատարվել նաև Ս. Հռիփսիմեի վարք-վկայաբանությանը:
Հավելվածում տեղ են գտել նաև Մովսես Խորենացու երկու երկ՝ Հռիփսիմյանց կույսերի պատմությունը ներկայացնող բնագիրը և նրանց հիշատակին ձոնված ներբողը:
Երկրորդ աշխատությունն առաջին փորձն է մի գրքում ամբողջությամբ ներառելու որևէ վանք-եկեղեցու մատենագիտությունը:
Գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: