Նորին Սրբությունը եւ Ֆինլանդիայի Արքեպիսկոպոսը այցելեցին Սեւանի Վազգենյան դպրանոց

Օգոստոսի 18-ին Նորին Սրբությունը եւ Ֆինլանդիայի Արքեպիսկոպոսը հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելեցին Սեւանի Վազգենյան դպրանոց, ուր դպրանոցի սաները նրանց դիմավորեցին «Հրաշափառի» երգեցողությամբ: Գարեգին Բ Կաթողիկոսը Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմային եւ նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց դպրանոցի հինադրման պատմությունը եւ ուսանողների առօրյան: Հյուրերը ծանոթացան նաեւ Սեւանա Վանքի բազմադարյան պատմությանը: Գեղարվեստական հայտագրով ներկաներին ողջունեցին դպրանոցի սաները:

Հանդիսությունից հետո Սեւանի Ս. Առաքելոց եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն:

Օգոստոսի 19-ին Վեհափառ Հայրապետը եւ Տուրկուի արքեպիսկոպոս դր. Ջուկա Պաարման այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Պսակների տեղադրումից հետո կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որի ընթացքում դր. Ջուկա Պաարման իր աղոթքն առաքեց առ Աստված նահատակների հոգիների հանգստության համար: Երկու եկեղեցիների հոգեւոր պետերն այցելեցին նաեւ Ցեղասպանության թանգարան: