Միջկրոնական խաղաղարարական համաժողովի արդյունքում ստեղծվեց ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդ

Մարտի 3-ին ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղաղարարական համաժողովը շարունակեց իր աշխատանքը:

Առաջին նիստի ընթացքում ձեւավորված աշխատանքային չորս խմբերում քննարկվեցին հետեւյալ նյութերը` «Պետական-կրոնական հարաբերությունների ներկայիս վիճակը ԱՊՀ-ում», «Ավանդական կրոնների ջանքերի համակարգումն ի պատասխան ընդհանուր մարտահրավերների», «Կրոնական կազմակերպությունների սոցիալական ծառայությունը» եւ «Կրոնական կրթության խնդիրները»:

Երկրորդ նիստն ընթացավ երեք աշխատանքային խմբերով, որոնց քննարկմանն առաջարկվել էին «Միջկրոնական համագործակցության ռեգիոնալ տարածման փորձառությունը», «Կրոնը եւ զանգվածային լրատվամիջոցները» եւ «Կրոնական կազմակերպությունների խաղաղարարական ջանքերը» թեմաները:

Եզրափակիչ լիագումար նիստի ժամանակ կլոր սեղանների ղեկավարները ներկայացրեցին քննարկումների արդյունքներն ամփոփող զեկույցները:

Լիագումար նիստի ավարտին հայտարարվեց ԱՊՀ միջկրոնական խորհրդի ստեղծման մասին: Նորաստեղծ խորհրդի նպատակն է ԱՊՀ երկրների ավանդական կրոնական կազմակերպությունների համատեղ գործունեությամբ հասնել միջազգային եւ միջկրոնական աշխարհի ամրապնդման, հասարակության մեջ համաձայնության եւ կայունության հաստատման, հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսության, ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի մեկտեղման, հասարակության մեջ ավանդական հոգեւոր արժեքների հաստատման գործում, պետական-կրոնական հարաբերությունների, խաղաղարարության, սոցիալական ծառայության ոլորտներում փորձառության համակողմ եւ պարբերական փոխանակման:

Խորհրդի կազմում ընդգրկված են ԱՊՀ երկրների 22 հոգեւոր առաջնորդներ, այդ թվում` Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի Պատրիարք Ալեքսի Բ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլ-իսլամ Ալլահ–շյուքյուր Փաշա-զադեն, ինչպես նաեւ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հյուսիսային Կովկասի հոգեւոր առաջնորդները:

Խորհրդի գործունեությունը համակարգվելու է չորս համանախագահների կողմից, որոնք կներկայացնեն ԱՊՀ երկրների չորս ավանդական կրոնները` քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն եւ բուդդիզմ: