ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնահարցերին ու մարտահրավերներին նվիրված սեմինար

Հոկտոմբերի 13-14-ին Երեւանում, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի եւ Գերմանական բողոքական եկեղեցիների ասոցիացիայի (EED) նախաձեռնությամբ կազմակերպվել էր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնահարցերը եւ մարտահրավերները հարավկովկասյան տարածաշրջանում» թեմայով սեմինար:
Սեմինարի ընթացքին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, «Վորլդ Վիժն Արմենիա», UNAIDS-ի եւ հասարակական ու կրոնական մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ իրենց կառույցների կողմից իրականացվող ծրագրերի մասին:
Ի թիվս իրագործվող ձեռնարկների մասին ակնարկների, ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Էդուարդ Հովհաննիսյանը հանդես եկավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացումը» զեկույցով, Բժշկական Առաքելության Գերմանական Ինստիտուտից Սոնյա Վայնրայխը խոսեց ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հիմնահարցերի եւ մարտահրավերների մասին, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը բանախոսեց «Աստվածաբանությունը եւ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը» թեմայով:
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեմինարի կազմակերպիչներին Գերմանական բողոքական եկեղեցիների ասոցիացիայից Հարավ-արեւելյան Եվրոպայի եւ Հարավկովկասյան պետությունների ծրագրերի կոորդինատոր Կարոլին Կրուկովին, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանին, ինչպես նաեւ Բժշկական Առաքելության Գերմանական Ինստիտուտից Սոնյա Վայնրայխին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությանը ներկայացվեցին սեմինարի արդյունքները եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում նախատեսվող հետագա ծրագրերը: