Մասյացոտնի թեմի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց դոկտորի գիտական կոչման վկայականը
Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիայի Դարեմի համալսարանում աստվածաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչմանն արժանացած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Գևորգ Սրբազանն իր ուսումնառությունը շարունակել է Դարեմի համալսարանում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հայոց Եկեղեցու մարդասիրական մշակույթի ծագումը․ Ներսես Մեծը և հունական ազդեցության հարցը» թեմայով։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով Սրբազան Հոր գիտական ձեռքբերումը, ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռնի հանրությանը և աստվածաբաններին ի մոտո ծանոթանալու Ներսես Մեծ հայրապետի մարդասիրական գործունեությանը։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հոգևոր ծառայությանը զուգահեռ եկեղեցականները ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հորդորելով Գևորգ Սրբազանին նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։
Վերջում առաջնորդ Սրբազանը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։