Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը

Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը 12.05.2003

Կիրակի, մայիսի 11-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ եկեղեցականաց դասի առաջնորդությամբ Սուրբ Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի ուխտապահ ժողովուրդը: Օրվա պատարագիչն էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

«Որքա¯ն շնորհակալ ու երախտապարտ ենք մեր հայրերին, մեր նախահայրերին, որ մեր Հայաստան աշխարհում կառուցեցին մի տաճար, մի տուն, որ երբեք չի հնանում, տնկեցին մի ծառ, որ երբեք չի չորանում, եւ Ավետարանի կենարար աղբյուրից մի ակունք փորեցին, որ երբեք չի ցամաքում: Եվ այդ ամենը խտացնում ենք այն խորհրդի մեջ, որ անվանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածին: ...1700 տարիներ շարունակ Ս. Էջմիածինը եղել է գառնուկը գայլերի ոհմակների մեջ, բայց կարողացել է պահել իր ինքնությունը, պահել իր հնադարյան դուռը, պահել իր հավատքը, պահել իր խոստովանությունը հանդեպ Քրիստոսի, եւ նահատակության գնով կարողացել է իր ժողովրդին պաշտպանել եւ պահպանել բոլոր տեսակ փորձություններից: Եվ այո°, Էջմիածինը գոյություն ունեցել է, ունի եւ ունենալու է հայ ժողովրդի համար»,- ասաց Սրբազան Հայրը:

Հանուն Նորին Սրբության եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց նաեւ Ներսես արք. Պոզապալյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Ներսես արք. Ներսիսյանը, բարձրաստիճան հոգեւորականներ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիի ընծայարանի սաներ:

Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորների բազմությանը Վեհարանում ընդունեց Վեհափառ Հայրապետը: