Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Գերմանիայի թեմի առաջնորդ Տ. Գարեգին արք. Բեկչյանը
Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ընդունեց հերթական ուխտավորներին: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Սբ. Էջմիածին էին ժամանել մի խումբ գերմանահայեր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արք. Բեկչյանի առաջնորդությամբ:
Հանուն Նորին Սրբության` ուխտավորներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը: Հայր Սուրբը մասնավորապես նշեց, որ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակում է ուղղորդել հայության ընթացքը դեպի հավերժություն եւ փրկություն:
Ապա ուխտապահ ժողովրդին դիմեց պատարագիչ Սրբազան Հայրը: Նա անդրադարձավ Սբ. Էջմիածնի խորհրդին` հորդորելով հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն եւ լուսավորչահաստատ Սբ. Աթոռին:
«Եկել ենք մեկ անգամ եւս մեր ուխտը նորոգելու Աստծո եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սեղանի առաջ` զորանալու հոգեպես` աղոթելով, որպեսզի Ամենակալ Տերը մեր հավատքը հաստատ եւ անսասան պահի, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական մեր Եկեղեցին ու մեր նորանկախ պետությունը»,- ասաց Սրբազան Հայրը:
Հավարտ Սբ. Պատարագի Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնություններն ու բարեմաղթանքները փոխանցեց գերմանահայերին, որոնց հոգեւոր հովիվն է եղել շուրջ 30 տարի առաջ: