Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը
Կիրակի, հունիսի 1-ին, Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ եկեղեցականաց դասի առաջնորդությամբ Սբ. Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի ուխտապահ ժողովուրդը` ավելի քան 10 000 հայորդիներ: Օրվա պատարագիչն էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը:
Հանուն Նորին Սրբության ուխտավորներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ Հոգեշնորհ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
«Այսօր եւս այս սրբարանից պիտի սկիզբ առնի մեր հոգեւոր, կրոնական կյանքի ուժգին հոսանքը, քանզի այստեղ է հաստատված Լուսավորչի` Հայաստանյայց վերածնության Հոր սուրբ գավազանը, որ նրա հոտին միշտ ի փրկություն է հովվել: Այս ուխտով մենք պիտի նոր շունչ ու ոգի հաղորդենք մեր հավատքի հոր աստվածաշնորհ զորությանը` քրիստոնեությանը: Այս պահին եւս մեր մեջ լսելի է մշտակենդան հրավերը. «Եկայք շինեսցուք սուրբ զԽորանն լուսոյ: ... մեզ այստեղ բերել է մեր ուխտադիր նախնիներից ժառանգված հայրենասիրության ու եկեղեցասիրության ոգին: Այս պահին ամենքս նորացված հավատքով ավելացրինք սրբերի արցունքներից մակարդված Լուսավորչի կանթեղի յուղը, նորեն մկրտվեցինք Լուսավորչյան լույսով, մեր հոգիներում վառեցինք փրկչական ջահը: Այս պահին ամեն մեկս ուխտի մեր սպասումն ունենք: Աստված ի կատար անի ուխտը ամենքիս, իրականացնի բոլորիս երազները, համակի բարի մղումներով: Ապրենք նոր ձգտումներով, որպեսզի Աստծո լուսեղ տաճարի մեջ յուղասպառ կանթեղ չդառնանք, ինչպես կասեր Մուշեղ Իշխանը, որպեսզի մեր հոգին չդառնա հին բույն, որտեղ ոչ մի թռչուն գարուն չի բերում: Ուրեմն այս ուխտով թող գարնանա մեր կյանքը, թող բորբոքվի մեր հոգու կանթեղը աստվածային սիրով առլեցուն», - ասաց Նավասարդ Սրբազանը` բազմահազար ուխտավորներին ուղղված իր քարոզում:
Սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին:
Արարատյան Հայրապետական թեմի ուխտի օրվա առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեցին նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ կառավարության այլ անդամներ:
Հավարտ Սբ. Պատարագի թեմի հոգեւորականաց դասին, թեմական եւ ծխական խորհրդի անդամներին, առաջնորդ Սրբազան Հոր գլխավորությամբ, Վեհարանում ընդունեց Վեհափառ Հայրապետը: