Մայր Տաճարում մատուցվեց Ս. Հարության Ճրագալույցի Պատարագը

Մայր Տաճարում մատուցվեց Ս. Հարության Ճրագալույցի Պատարագը 16.04.2017

Ապրիլի 15-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մինչ Ս․ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ կարդացին Դանիել մարգարեի թուղթը:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Քրիստոսի Ս․ Հարության խորհրդին և կարևորությանը մարդկային փրկության գործում՝ մասնավորապես նշելով․ ,Մենք Քրիստոսի հարության ժառանգներն ենք: Չլիներ Քրիստոսի հարությունը, անիմաստ պիտի դառնային Քրիստոսի կյանքի պատմության պարբերական շարադրանքները, անիմաստ պիտի դառնար մեր յուրաքանչյուր քարոզություն, ինչպես ժամանակին բարբառում էր Պողոս առաքյալը: Ի՞նչ իմաստ պիտի ունենար պատումը Քրիստոսի ծննդյան մասին: Ի՞նչ իմաստ պիտի ունենար Քրիստոսի տասներկուամյա հասակում այցելությունը տաճար: Ի՞նչ իմաստ պիտի ունենար Ծաղկազարդի նշումը և արդյոք ի՞նչ արժեք պիտի ունենար քառասնօրյա պահեցողությունը:

Միայն ու միայն Քրիստոսի հրաշափառ հարությունն է, որ իմաստ ու նպատակ է հաղորդում այս բոլոր իրադարձություններին: Քրիստոսի հարությունն է, որ քրիստոնեությունը պարզ, բարոյա-էթիկական ուսմունքից վերածում է համաշխարհային մի այլ իրադարձության: Քրիստոսի հարությունն է, որ սկիզբն է դնում մի նոր քաղաքակրթության և մի նոր աշխարհայացքի: Քրիստոսի հարությունն է վերջապես, որ մեզ ամենքիս պատգամ և ուղերձ է ուղղում մահվան առջև հաղթականորեն կանգնելու։ Մահն այլևս իրական ներկայություն չէ մեր կյանքում, մահը ստվեր է, իրականը՝ կյանքն է, որ Քրիստոս պարգևեց Իր հրաշափառ և լուսեղեն հարությամբ: Եվ այս ամենն ընդամենը գեղեցիկ հեքիաթ չէ և այս ամենն ընդամենը և սոսկ մխիթարություն չէ, ինքնամխիթարություն չէ: Սա մի իրականություն է, որին դարեր շարունակ հավատացել են ամենքը․․․: Սա մի իրականություն է, որ աղքատներին հարուստ է դարձրել, մի իարականություն, որ չքավորներին դարձրել է աշխարհի ամենաունևորը: Եվ այդ իրականությունն այսօր ոգեշնչում է մեզ՝ մարտնչելու կյանքի դժվարությունների դեմե։

Անդրադառնալով առ Աստված ապավինությանը և հավիտենական կյանքին՝ պատարագիչ Սրբազան Հայրն ընդգծեց. ,Մենք էակներ ենք՝ ոչ թե դատապարտված մահվան, ոչ թե դատապարտված ընդամենը մի կույտ հող լինելու, այլ էակներ ենք, որոնց կյանքը ձգվում է մահվանից անդին: Եվ երկրավոր կյանքը մեզ համար դառնում է մի հանգրվան, որը ստուգատեսն ու նախերգանքն է հավիտենական կյանքիե:

Վերջում Արշակ եպիսկոպոսը մաղթեց, որպեսզի Աստված զորացնի ամենքի մեջ սերը, նվիրումը և հավատարմությունն առ Աստված, զորացնի նաև Քրիստոսի հարության նկատմամբ հավատի զգացումները և հարության շնորհներով լուսավորի նրանց հոգիներն ու սրտերը:

Ս. Պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Ավագ Ս. Խորան, Ս․ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:

Պատարագից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր տեղի ունեցավ Ս. Հարության առաջին տնօրհնեքի արարողությունը: