Մայր Աթոռ Ս. Էջմիածնում լույս է ընծայվել «Նշանավոր ճեմարանականներ» ժողովածուի առաջին պրակը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում լույս է ընծայվել «Նշանավոր ճեմարանականներ» ժողովածուի առաջին պրակը` նվիրված Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 130-ամյակին: Այս երկար սպասված հատորը հնարավոր եղավ կյանքի կոչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ զավակներ` ամերիկաբնակ տեր եւ տիկին Նշան եւ Ռուփի Տերտերյանների ազնիվ մեկենասությամբ:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը վիթխարի դեր է խաղացել հայ մտավոր կյանքում: Նրա սաներից եւ ուսուցիչներից շատերը եղել են դպրոցի, մանկավարժության, գրականության, մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր կյանքի ակնառու գործիչներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի նպաստել է հայ մտավոր ու հոգեւոր կյանքի առաջընթացին (Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս, Մկրտիչ Խրիմյան Հայրապետ, Խորեն Մուրադբեկյան Կաթողիկոս, Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ, Գարեգին Հովսեփյան Կաթողիկոս, Մաղաքիա արք. Օրմանյան, Կոմիտաս վրդ., Մ. Աբեղյան, Ն. Ադոնց, Հ. Աճառյան, Ա. Բակունց, Դ. Դեմիրճյան, Մ. Եկմալյան, Ա. Իսահակյան, Ս. Լիսիցյան, Ս. Մալխասյանց, Հ. Մանանդյան, Լ. Շանթ, Փարամազ, Գ. Տեր-Մկրտչյան):
Ընթերցողների լայն շրջաններին հասցեագրված այս պրակում համառոտ շարադրանքով ներկայացվում են 45 անվանի ճեմարանականների կենսագրությունները եւ բնութագրվում նրանց գործունեության հիմնական կողմերը: