Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տեառնընդառաջի տոնը: Տերունական տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրեց Մանուկ Հիսուսին ընդառաջ դուրս եկած Սիմեոն ծերունու կերպարը:
«…Արդարությունը կերակուր չէ, որ ճաշակես, արդարությունը հոգևոր արժեք է, որ պիտի կարողանաս արժևորել էությանդ մեջ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ Աստծո նման արդար եղեք, որովհետև Տերը սուրբ է:
Տեսնում եք, սիրելինե՛ր, Տեառնընդառաջն այլ իմաստ ունի մեզ համար, որովհետև յուրաքանչյուր երևույթի հիշատակությունը գալիս է մեզ համար ապրելակերպի դաս լինելու, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի՛ն ենք պարտավոր լինել:
Ինչու՞ հանճարեղ եղավ Սիմեոն ծերունին, որովհետև առաջին մեկ վարկյանից նրա ամբողջ կյանքի իմաստն էր լինել արդարության ջահակիր, աստվածային իմաստության ջահակիր», - ասաց Հայր Կոմիտասը:
Հայր Սուրբը հորդորեց ներկաներին նմանվել Սիմեոն ծերունուն: «Կատարյալ հավատացյալը պետք է լինի իմաստուն, հանճարեղ, զորություն ունեցող, գիտության և աստվածպաշտության ռահվիրա հանդիսացող անձ: Ահա, սա է Տեառնընդառաջի գաղափարը, սա է, որ գալիս է մեզ դաս տալու, որովհետև բոլորդ այսօր մի Սիմեոն ծերունի եք, եկել եք ընդառաջ մեր Տիրոջը, բայց ի՞նչ հոգով և ի՞նչ զգացումով: Որքա՞ն են մաքուր ձեր ձեռքերը, հոգիներն ու մտքերը: Որքա՞ն եք կարողացել ձեր մեջ քրիստոնեական արդարությունը ապրեցնել: Որքա՞ն եք կարողացել ինչ-որ տեղ իրականացնել «ես սուրբ եմ, դուք էլ սուրբ պիտի լինեք» աստվածային հրամանը: Ահա, այստեղ է, որ արժևորվում է իրապես Տեառնընդառաջի տոնակատարությունը…
Տերը կծագի այնտեղ, որտեղ քո ճշմարիտ հավատքն է, որտեղ քո մաքրությունն ու ազնվությունն է, որովհետև այդտեղ է, որ ապրում է Աստված», - ընգծեց Հայր Սուրբը:
Վերջում Հայր Սուրբն ամենքին մաղթեց, որ սիրով լինեն միմյանց նկատմամբ, որովհետև ուր սեր է, այնտեղ Աստծո օրհնությունն է:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները: